Հայաստանը մասնակցեց «Բազմակողմ փոխգործակցության և ՄԱԿ-ի դերակատարության ամրապնդում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը

09 նոյեմբերի, 2018

Նոյեմբերի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ բազմակողմ փոխգործակցության` մուլտիլատերալիզմի, և ՄԱԿ-ի դերակատարության ամրապնդման հարցերին նվիրված քննարկում: Հանդիպմանը ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի և Արդարադատության միջազգային դատարանի նախագահները` անդրադառնալով մուլտիլատերալիզմի ձեռքբերումներին և դրան սպառնացող վտանգներին: Քննարկմանը մասնակցեց նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը կարևորեց բազմակողմ փոխգործակցության հարթակների արդյունավետ օգտագործումը համաշխարհային բազմաթիվ մարտահրավերներին արձագանքելու առումով: Որպես մուլտիլատերալիզմի հաջողված օրինակ նշվեց ՀՀ կողմից ներկայացված և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվել է ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ոճրագործությունների կանխարգելմանն ու մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին` ՄՆ տեղակալն ընդգծվեց, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ընկած են մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և ժողովրդավարական գործընթացների հիմքում:

Տարածաշրջանային հակամարտությունների և բազմակողմ փոխգործակցության համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը բարձր գնահատեց ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի անվերապահ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային կազմակերպությունների, հարթակների և ձևաչափերի շրջանակներում ընթացող բազմակողմ գործընթացներին։ Կարևորվեց ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան` տարածաշրջանային մեխանիզմների արդյունավետ ներգրավումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:

Տպել էջը